Ընդդեմ պատերազմի Արցախ|Qarabağ-ում

Ապագաղութային, հակաֆաշիստական և էկոֆեմինիստական հայտարարություն Հայաստանից

Այս տեքստը գրվել է անգլերենով եւ հրապարակվել Հոկտեմբերի 12ին նախ մեր հարթակում, ապա` այլ միջազգային հարթակներում, ինչպիսիք են EMRAWIն, Transnational Solidarity Networkը, The International Marxist-Humanistը, ինչպես նաեւ թարգմանվել ռուսերեն` avtonom.org եւ ֆրանսերեն` Actualité de l’Anarchosyndicalisme հարթակներում։
Ստորեւ ներկայացնում ենք հայերեն թարգմանությունը։

Մինչ մեր հայտարարությանն անցնելը, ցանկանում ենք նշել, որ կարևոր գտանք մեր դիրքորոշումը տեղավորել 2020թ-ի պատերազմին նախորդած շատ սպեցիֆիկ աշխարհագրական և քաղաքական պայմաններից ու որոշումներից բխած հանգամանքներում։ Բռնությունն աբստրակտ և լռապաշտ չէ․ մենք նույնպես չպետք է այդպիսին լինենք։

Հակամարտության (գաղութային) ծագումը

Արցախ/Qarabağ-յան հակամարտությունը՝ այսպես կոչված «Հարավային Կովկասում» գտնվող, «Լեռնային Ղարաբաղ» անվանումով մարզի շուրջ առաջացած վեճը, գաղութային քաղաքականության արդյունք է, որը սկիզբ է առել սովետական վաղ շրջանում, երբ Սովետական Միության այդ ժամանակվա ազգությունների ժողովրդական կոմիսար Իոսիֆ Ստալինը որոշում է կայացրել նավթով հարուստ Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցել հայերով բնակեցված Արցախը / Qarabağ-ը՝ այն ժամանակ սոցիալիստամետ թվացող աթաթուրքյան Թուրքիայի հետ դաշնակցությունն ուժեղացնելու նպատակով։ Սովետական տարիներին՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) մնաց սովետական Ադրբեջանի իրավասության տակ գտնվող ինքնակառավարվող տարածք՝ ունենալով մեծամասնություն կազմող հայ և փոքրամասնություն կազմող ադրբեջանցի, ռուս, ուկրաինացի, բելառուս, հույն, թաթար և վրացի բնակիչներ։

Ժամանակակից շրջանը և 1988–1994 թթ․ պատերազմը

Մարզի հայ բնակչության Ադրբեջանի ԽՍՀ-ի կողմնակալ և ճնշող, գաղութատիրական քաղաքականություններին տասնամյակներ շարունակ ենթարկվելուց հետո, 1988թ․ փետրվարին ԼՂԻՄը Հայաստանի հետ միավորելու պահանջով զանգվածային ցույցեր անցկացվեցին սկզբում մայրաքաղաք Ստեփանակերտում, իսկ այնուհետև` Երևանում։ Կարճ ժամանակ անց ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը Սովետական Հայաստանին միանալու որոշում ընդունեց։

Ինքնորոշման այս փորձերին, սակայն, հետևեցին հակահայկական ցեղասպանական ջարդեր Ադրբեջանի ծովափնյա քաղաք Սումգայիթում, և այնուհետև Կիրովաբադում ու Բաքվում, վերջինը՝ 1990 թ․ հունվարին։ Այսօրինակ լարումներն արագորեն վերաճեցին երկու կողմերի միջև ընթացող զինված բախումների, իսկ 1991թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչը դեկտեմբերին հաստատվեց հանրաքվեի միջոցով։ Սովետական Ադրբեջանի կառավարությունը չընդունեց սա․ մարզի 20% ադրբեջանական բնակչությունը բոյկոտեց հանրաքվեն, որը, սակայն, ընդունվեց ժողովրդավարական քվեարկությամբ՝ ձայների 99,98%-ի՝ անկախությանը «կողմ» հարաբերությամբ։

Ադրբեջանը Սովետից իր անկախությունը հռչակեց միայն մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 18-ին։ Չնայած այն փաստին, որ Ադրբեջանի անկախության տրամաբանությունն ինքնին հիմնավորվում է միջազգային իրավունքի ինքնորոշման սկզբունքով, որը վերապահված է ԽՍՀՄ անջատողականության մասին օրենքով ու ԽՍՀՄ սահմանադրությամբ և պաշտպանված է ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխով ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով որպես «բոլոր ազգերի» իրավունք, ԼՂԻՄ-ի կողմից սեփական անկախության հռչակումը` Ստալինի կայսերապաշտական անարդար մանևրը հետարկելու փորձը, հանդիպեց ժխտման և բռնության՝ այդպիսով նորածին Ադրբեջանի Հանրապետությունն ինքնին դարձնելով գաղութացնող պետություն:

Բախումները վերաճեցին 1992–1994 թթ․ ընթացող մեծածավալ կործանիչ պատերազմի, որտեղ հետսովետական Ռուսաստանը (առավել բացեիբաց) և ՆԱՏՕ-ի դաշնակից ցեղասպան Թուրքիան (առավել զգուշորեն) կողմեր էին բռնում՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական նպատակներից ու կայսերապաշտական ձգտումներից, ինչը հանգեցրեց 1994թ․ Բիշքեկում կնքված արձանագրությամբ ամրագրված անժամկետ զինադադարի։ Տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, սպանվեցին պատերազմի ժամանակ, տեղի ունեցան այնպիսի սարսափելի դրվագներ, ինչպիսին են ադրբեջանցի խաղաղ բնակչության կոտորածը Խոջալուում։ Հարյուր հազարավորներ տեղահանվեցին երկու կողմից էլ, և նախկին ԼՂԻՄ տարածքի մեծ մասն ու հարակից 7 շրջաններն անցան հայկական ուժերի վերահսկողության տակ։

Զինադադարին հաջորդող տասնամյակները

Զինադադարից հետո պատերազմի՝ վարպետորեն գործիքավորվող վտանգը վերահսկում էր Հայաստանի, ԼՂՀի-ի ու Ադրբեջանի ժողովուրդներին և նրանց զրկում էր սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրների վերաբերյալ ինքնավար ու ապագաղութային որոշումների կայացումից։ Տասնամյակներ շարունակ այս երկրների կոռումպացված և չընտրված իշխանությունները կողոպտել, ճնշել և բռնության են ենթարկել մարդկանց՝ կանխելով իշխանափոխության որևէ հնարավորություն։

Չարաշահման ու ճնշման նմանօրինակ մեթոդները՝ հիմնավորված պատերազմի ու հետերոհայրիշխանության փառաբանմամբ, կիրառվել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի իշխող դասակարգերի կողմից, որոնք օգուտ են քաղել կոռուպցիայից, ավտորիտարիզմից, մետաղների և օրգանական հանածո վառելիքի արդյունահանումից, զանգվածային ոչնչացման զենքերի առևտրից ու վաճառքից։ Պատերազմի ազդեցությունը կրող բոլոր տարածքներում նրանք խեղդել են դասակարգերի, ռասաների, էթնիկությունների, գենդերների, սեռականությունների, լեզուների, կարողությունների ու տարիքների միջև երկարաժամկետ հետազգային, հետգաղութային, հետհայրիշխանական, հակաֆաշիստական, էկոֆեմինիստական համերաշխության դրսևորման ցանկացած հնարավորություն։

Այս երկրներից յուրաքանչյուրի ներսում փոքրամասնություն կազմող քաղաքական էլիտաներն ու իշխող դասակարգերն ավելի շատ համերաշխություն ցուցաբերեցին միմյանց նկատմամբ, քան թե ճնշված մեծամասնություն կազմող ժողովրդի նկատմամբ՝ բողոքները լռեցնելով փակ սահմանների երկայնքով ընթացող՝ զինադադարի խախտումներով։ Հարուստները կաշառքի դիմաց ազատվեցին զինծառայությունից, մինչդեռ հասարակության ամենաաղքատ շերտերի նորակոչիկները ենթարկվեցին բռնության, չարաշահման, ինքնասպանություն գործեցին կամ սպանվեցին ծառայության ընթացքում։

Խաղաղ կարգավորման ցանկացած հնարավորություն թաղվեց ներկայացուցչական և գաղտնի դիվանագիտական հանդիպումներում և հանգեցրեց ստատուս քվոյի պահպանմանը 30 տարի շարունակ, ինչը ձեռնտու էր զենքի առևտրով զբաղվող կայսերական ուժերին և պատերազմող երկրներում դրանց փոխանորդ բդեշխներին։

Հայաստանի, Արցախի / Qarabağ-ի ու Ադրբեջանի ժողովուրդները հարմարվեցին միմյանց նկատմամբ ֆաշիստական, այլատյաց հռետորաբանությանը, որում երեք սերունդ մեծացավ՝ վերարտադրելով էթնիկ և կրոնական թշնամությունը, որը նախկինում ինչ-որ չափով կանխվում/մեղմացվում էր սովետական շրջանի «ազգային եղբայրության» քաղաքականությամբ։ Ֆաշիզմը, ռասիզմը և այլատյացությունն առանձնահատուկ մակարդակի հասան Ադրբեջանում՝ դրսևորվելով պաշտոնական խոսույթում, ինչպիսին էր, օրինակ, նախագահ Ալիևի 2015թ․ թվիթերյան գրառումը, որտեղ նշվում էր, որ «Հայաստանը նույնիսկ գաղութ չէ, այն արժանի չէ նույնիսկ ծառա լինելու»: Դրանք դրսևորվեցին նաև պետական գործունեության մեջ, օրինակ, երբ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված ուսումնական դասընթացի ընթացքում ադրբեջանցի բանակային զինծառայող Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին, ապա նախագահ Ալիևի կողմից ներում ստացավ, հռչակվեց հերոս, եւ կոչումի բարձրացման և պարգևատրումների արժանացավ։

Մինչ Ադրբեջանը շարունակում է մնալ բռնապետական պետություն, Հայաստանում մարդիկ փորձեցին դուրս գալ արատավոր շղթայից և 2018-ին նախաձեռնեցին բողոքի շարժում, որը հանգեցրեց իշխանության խաղաղ փոխանցմանը ավազակապետական օլիգարխիայից նորազատական ապարատ։ Նոր ձևավորված ժողովրդավար կառավարությունը բազմաթիվ, թեև ոչ բավարար, փորձեր կատարեց կողոպտված հանրային ռեսուրսները վերականգնելու համար։ Այդուհանդերձ, բուրժուա-դեմոկրատական ազգային «հեղափոխությունը», որը չի դիմադրում և չի ժխտում հայրիշխանական, գաղութարար, նորազատական կապիտալիստական և հակաբնապահպանական համակարգը, որը ցուցաբերում է հաստատութենական դիմադրություն աշխատանքային իրավունքների հատվածային շարժումների կամ հանքարդյունաբերությունը մերժող էկոֆեմինիստական, արմատաբուխ, համայնքահեն դրսևորումների նկատմամբ, դատապարտված է ձախողման և վաղ թե ուշ հետդարձի վտանգին։ Անձնիշխանական տարածաշրջանային ուժերը, անշուշտ, ջանասիրաբար աշխատում են այդ հետդարձի ուղղությամբ։ Եթե ոչ պետական հեղաշրջման, ապա, գուցե, պատերազմի միջոցով։

2020թ․ պատերազմը

2020թ․ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական դիկտատորական ռեժիմը Թուրքիայի աջակցությամբ կատաղի պատերազմ սկսեց՝ քաղաքական նպատակ ունենալով «վերջ դնել հայկական օկուպացմանը» և վերականգնել իր «տարածքային ամբողջականությունը»։ Թե ով սկսեց ագրեսիան, ոչ մեկնաբանման, ոչ էլ կարծիքի հարց է, ինչպես առաջարկում են բազմաթիվ կենտրոնամետ «անկողմնակալ» տեսակետներ։ Դա արձանագրման հարց է պարզապես։ Գտնվելով տնտեսական ու քաղաքական փակուղիում, որն ավելի է սրվել այս տարվա Մարտին նավթի միջազգային գների անկումով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի անձնիշխանական ռեժիմը, թվում է, որոշել է ևս մեկ անգամ խաղալ պատերազմի ու ազգայնականության իր վերջին խաղաքարտով՝ մարդկանց ուշադրությունն այդպիսով շեղելով Արցախի / Qarabağ-ի վրա։

Թուրքիան, հետևելով իր նորօսմանական ծավալապաշտական մոտեցմանը, հակամարտության հստակ կողմ է, Ադրբեջանի կողքին է թե՛ դիվանագիտորեն և թե՛ ռազմադաշտում՝ մատակարարելով ոչ միայն զենքեր և փորձագիտական անձնակազմ, այլև առնվազն մի քանի հարյուր վարձկանների Սիրիայից։ Էրդողանի ռեժիմը փորձում է ոչ միայն կազմաքանդել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և իրեն խնդրի մեջ մտցնել տարածաշրջանում ասելիք ունենալու նպատակով, այլև նոր միջնորդավորված ռազմաճակատ բացել Ռուսաստանի հետ՝ ապակայունացնելով վերջինիս ազդեցության տակ գտնվող հերթական տարածաշրջանը, ինչի նպատակն էլ այլ գաղութային ճակատներում, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբիայում շահաբաժին կորզելն է։ Ավելին, Էրդողանի ռեժիմի համար սա կարող է նշանակություն ունենալ նաև տեղական մակարդակում, քանի որ տարիներ շարունակ թուրքական ծավալապաշտությունը և նորօսմանական նկրտումները՝ դիմադրել փորձող քաղաքական ընդդիմախոսների և հակաֆաշիստական խմբերի նկատմամբ դրսևորվող ճնշումներով ագուցված, Էրդողանին և իր իշխանությանը ծառայել են իբրև վավերականության աղբյուր և մարդկանց ուշադրությունը շեղել են նորազատական տնտեսական քաղաքականությունների ու կանգ չառնող սեփականաշնորհումների կործանարար ազդեցություններից։ Ադրբեջանի իշխող նավթադոլարային դասակարգը բացեիբաց ողջունեց թուրքագերիշխանական հարացույցը․ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանցիների հարկադրված ստորադասություն Թուրքիայի քաղաքական էլիտային։

Ռուսաստանը, մյուս կողմից, տասնամյակներ շարունակ զինելով երկու երկրներին և հակամարտությունն օգտագործելով իր սեփական քաղաքական ու տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում ավելացնելու նպատակով, հավանաբար ակնկալում է, որ Հայաստանը կզիջի իր քաղաքական և տնտեսական ինքնիշխանության մնացուկները և թավշյա հեղափոխությանը հաջորդած ժողովրդավարական առաջխաղացումների մի մասը՝ խաղաղության դիմաց։

Երկու կողմից միմյանց մասին հաղորդվող ռազմական կորուստների թվերի համաձայն՝ տասնյակ հազարավորներ արդեն տեղահանվել կամ սպանվել են այս պատերազմի պատճառով։

Պատերազմում հաղթողներ չկան

Պատերազմում «հաղթանակ» չկա ոչ մեկի համար, բացի նրանցից, ովքեր շահույթ են ստանում դրանից։ Պատերազմի փառաբանումը խոր արմատներ ունի հայրիշխանական հետերոնորմատիվ համակարգի թունավոր առնականության մեջ, որի հավերժացումը կախված է ինքնին պատերազմի գոյությունից ու նրա գաղափարաբանական հեգեմոնիայից։ Պատերազմը ջնջում է բոլոր հակակապիտալիստական, հակառազմատենչ, հակաֆաշիստական, հակառասիստական, բնապահպանական, ֆեմինիստական ու քվիր պայքարները։ Հայրիշխանական ու ազգայնական ամենաթափանց խոսույթները դառնում են ոչ միայն գերիշխող, այլ նաև պարտադիր, և հիմնահոսից ցանկացած շեղում դիտվում է որպես պատժի ենթակա դավաճանություն «ազգ-պետությանը» և «ազգ-բանակին»։ Հերթական պատերազմը նշանակում է սաստկացող ատելության հերթական ալիք, հաշտեցման ու վստահության փակվող դռներ, ազգայնականության աճ և պատերազմի արտադրության ապարատին ու կայսերապաշտական ծավալմանը մարտահրավեր նետող եզրայնավորված ձայների թիրախավորում։ Այս պատերազմը, ինչպես և ցանկացած այլ պատերազմ, լի է նաև բնապահպանական հետևանքներով, որոնք զանցում են սահմաններն ու ինքնությունները։ Երկիր մոլորակի այս հատվածը, որն արդեն վնասված ու սպառված է հանքարդյունաբերությունից գրեթե հետդարձի անհնարինության աստիճանի, այժմ ոչնչացվում է ամենօրյա ռեժիմով։

Ռազմականացումը դառնում է ամենագո․ անձնական մակարդակում՝ նորությունների շղթային հետևելիս, կորուստների, անվերջ ռմբակոծությունների, հրետակոծությունների ու ավերածությունների մասին լսելիս, փախստականներին աջակցելու նպատակով կամավորական աշխատանք կատարելիս, մենք այլևս չենք զգում ռազմականացվելու ու դրանից «դուրս գալու» միջև սահմանը։ Թվում է՝ «պատերազմի մաս չկազմելու» տարբերակ չկա, ուստի փրկության միակ ճանապարհը մնում է խնամքը, փոխաջակցության և համերաշխության ցանցերը, որ օգնում են պահպանել մեր արժեքներն ու ապահովել մեր գոյատևումը։ Այսօր միակ օրինական համերշախությունը, որ մեզ թույլ են տալիս ունենալ, միասին մահանալն է կամ ռազմի տարածքից փախած անձանց տեղավորման ու աջակցության կազմակերպումը, խնամքի, ամոքման և ֆիզիկական, հոգեբանական ու էկոլոգիական խառնաշփոթը մաքրելու գենդերայնացված համերաշխությունը։ Վաղ տարիքից մեր մարմինները չեն պատկանում մեզ․ այս կամ այն կերպ՝ դրանք համարվում են հակամարտության ծառաներ։ Այս շղթան պիտի վերջանա։ Մեզ պետք են ամուր հակաֆաշիստական խաղաղասիրական քաղաքական շարժում և օրակագ։

Մինչ օրս մենք ձախողել ենք նման շարժում ձևավորել, մասնակիորեն որովհետև․ ա) ազգայնականության, հայրիշխանության, կապիտալիզմի ու ռազմատենչության քննադատությունը շարունակում է մնալ մեծամասամբ եզրային ու ճնշված խոսույթ, բ) հակապատերազմական դիրքավորումները կենսունակ չեն օտարերկրյա ռազմական ագրեսիայի ու ծավալապաշտական խոսույթների պայմաններում, գ) արդեն իսկ եզրային խաղաղաշինական խոսույթները հաճախ գտնվում են ազատական, վերևից-ներքև մոտեցումների գերիշխանության տակ, որոնք հավասարեցնում ու միատարրացնում են իշխանության դինամիկան, համատեքստերն ու իրականությունները, և դ) հակաազգայնական ու ինտերնացիոնալիստական դիրքորոշումները հաճախ հեշտությամբ նույնացվում են ամբողջատիրական սոցիալիզմի սովետական փորձառության հետ, որի խմբային հիշողությունը շատ փոքր տարածք է թողնում (եթե առհասարակ որևէ տարածք թողնում է) ձախ քաղաքականությունների համար։ Ավելի լայն տարածաշրջանում այսպիսի տարածքների մեծացման համար ապագաղութային պայքարը պետք է համակարգվի Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի դիկտատուրաների տապալման պայքարների հետ կամ նույնիսկ հաջորդի դրանց։

Սովետական Միությունը խաղաղաշինական լուծում չէր, այլ ինքնին խնդրի մասն էր։ Արևմտյան կապիտալիստական համակարգի ճիշտ նմանությամբ՝ այն ակտիվորեն նպաստել է «Մարդու» մարդակենտրոն և գաղութարար վերադասությանը, որը դրսևորվել է գիտական առաջընթացում, ռազմարդյունաբերական ծավալապաշտության ու զենքի առևտրում, աշխատուժի շահագործման, մարմնի ու մտքի կարգապահության ու վերահսկման մեջ։

Ապագաղութային, հակաֆաշիստական ու հակառազմատենչ էկոֆեմինիստական գործողության ժամանակն է

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել հարձակումը․ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։

Մենք կոչ ենք անում ազգի և տարածքի գաղափարաբանական շրջանակը փոխարինել մարդկանց ու իրավունքների գաղափարաբանական շրջանակով։ Մարդկա՛նց իրավունքներ, ոչ թե պետությունների։ Չի կարելի հակամարտությանը շարունակել նայել սոսկ տարածքային ամբողջականության սկզբունքի օրենքապաշտ հասկացության միջով։

Մենք կոչ ենք անում ճանաչել Արցախի ինքնորոշումը և հետարկել մեկ դար առաջ արված սովետական գաղութային մանևրը։ Բոլշևիկների կողմից 20-րդ դարի սկզբին գծված և անկախ Ադրբեջանի կողմից վերահաստատված սահմանները երբեք չեն արտացոլել Արցախի / Qarabağ-ի մեծամասնության իրավունքները։ Դրանք պայմաններ են ստեղծել տարածաշրջանում անդադար շարունակվող պատերազմի, այնուհետև՝ բնակչության տարհանման և հարակից տարածքներից կազմված բուֆերային տարածքի ստեղծման անհրաժեշտության համար։

Մենք ընդգծում ենք բոլոր փախստականների՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի և նրանց ինքնորոշման իրավունքի կարևորությունը ապառազմականացման, հասարակությունների՝ միմյանց նկատմամբ տածած ատելության ախտահանման, անվտանգության ամուր երաշխիքների առկայության և տարածաշրջան խցկվող ֆաշիստական կայսերապաշտական ուժերի սանձման պայմաններում (Ադրբեջանցի փախստականներին 7 հարակից շրջաններից, ԼՂԻՄ-ից ու Հայկական ԽՍՄ-ից և հայ փախստականներին Շահումյանից, Բաքվից, Սումգայիթից, Նախիջևանից ու ադրբեջանական այլ քաղաքներից)։

Մենք կոչ ենք անում վայր դնել ծավալապաշտական և մաքսիմալիստական դիրքավորումները՝ հօգուտ հետազգայնական դիրքավորումների։

Մենք նախկին ցեղասպանությունների ու ջարդերի, մասնավորապես՝ հայոց ցեղասպանության, Շուշիի կոտորածի, Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերի ու Խոջալուի կոտորածի բազմակողմանի ճանաչման և փոխհատուցման կոչ ենք անում՝ հանուն նորերի կանխման։

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների ընկերներին այս պատերազմի դեմ իրենց ձայնը բարձրացնելու համար։

Մենք համաշխարհային խաղաղության ու ապառազմականացման կոչ ենք անում։ Մետաղների հանքարդյունաբերությամբ ու օրգանական հանածո վառելիքով հովանավորվող գաղութային ռազմարդյունաբերական համալիրը և զենքի վաճառքը վերացնել է պետք։

Մենք համերաշխության ու խաղաղ համագոյության կոչ ենք անում՝ սահմաններից ու ինքնություններից այն կողմ, ու ճնշված դասակարգերի միջև։

Մենք կոչ ենք անում ընդունել թե՛ մարդկային, թե՛ ոչ մարդկային կյանքի հարգման իրավունքը՝ որպես տիրապետող քաղաքական սկզբունք։

Մենք միջազգային պայքարի կոչ ենք անում՝ ընդդեմ ֆաշիզմի, կապիտալիստական համակարգի և դրա գործակալ դիկտատորների ախորժակների՝ մեր տարածաշրջանում ու դրանից անդին։ Մենք ժխտում ենք ամբողջատիրությունն ու դրա քարոզչությունն իր բոլոր ձևերով։

Մենք երազում ենք հետազգայնական, բազմազան կենսակայուն համակեցությամբ և կյանքն արժևորող քաղաքական էկոլոգիայով Կովկասի մասին՝ ինքնակառավարվող ու ինքնավար ինտերնացիոնալիստական համայնքների ստեղծման միջոցով։

12/10/2020

Թ․Թ․
Մ․Ս․
Ն․Ա․
Փ․Հ․

https://medium.com/sev-bibar/%D5%A8%D5%B6%D5%A4%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD-qaraba%C4%9F-%D5%B8%D6%82%D5%B4-d8052b5735b2

Հ․Գ․ Ընթերցողների արձագանքը ստանալուց հետո կուզեինք մի դիտարկում անել․ ինչպես նշել են որոշ ընթերցողներ, «հարակից տարածքներից կազմված բուֆերային տարածքի ստեղծման անհրաժեշտություն» արտահայտությունը, որն իրականում գրվել է որպես պատմական նարատիվի մաս, կարող էր դիտվել իբրև պնդում այդ իրավիճակի մշտատև անշրջելիության մասին։ Նման կերպ ընկալած ընթերցողներին հրավիրում ենք (վեր)ընթերցել այս նախադասությանն անմիջապես հետևող պարբերությունը, որը պետք է որ հարթի թյուրըմբռնումը։

Laisser un commentaire

Votre adresse de messagerie ne sera pas publiée. Les champs obligatoires sont indiqués avec *